Այսօր ռուսական լրատվամիջոցների գլխավոր հերոսուհին դարձել է Նադեժդա անունով դերասանուհին, ով, պարզվում է, օրերս մահացած դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովի քաղաքացիական կինն է եղել: Կնոջը գտել է Life News-ի խմբագրությունը:
Պարզվել է նաեւ, որ Պորոխովշչիկովը նաեւ արտամուսնական կապից որդի ունի եւ նա ապրում է Լեհաստանում: Պարբերականի հետ զրույցում կինը հայտնել է, որ Պորոխովշչիկովն իրենից խոստում է վերցրել, որ այդ մասին ոչ ոք չպետք է իմանա, քանի դեռ ինքը կենդանի է:

Նադեժդան պատմել է, որ Պորոխովշչիկովի հետ ծանոթ է արդեն 5 տարի: Նրա խոսքով, Պորոխովշչիկովի երազանքն էր երեխա ունենալ, բայց ոչ իր կնոջից` Իրինայից: «Ալեքսանդր Շալվովիչը մի քանի անգամ խնդրել է ինձ որդի ծնել իր համար, բայց ես հրաժարվել եմ»,-ասել է նա, դա բացատրելով նրանով, որ դերասանի առողջական վիճակը լավ չէր:

«Նա իրականում լեհ մի կնոջից որդի ունի: Լինելով Լեհաստանում, նա սիրահարվել էր մի կնոջ եւ նրանք որդի էին ունեցել: Տղային որոշ ժամանակ Ալեքսանդր Շալվովիչն է դաստիարակել, թեեւ ոչ ոքի այդ մասին չէր ասում: Երեւի ամաչում էր»,-պատմել է Նադեժդան:

Նա նաեւ նշել է, որ Պորոխովշչիկովի երազանքներից մեկն էր հաշտվել եղբոր հետ, ով ապրում է Վրաստանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պորոխովշչիկովների ընտանիքի փաստաբան Սերգեյ Ժորինը «Մոսկովսի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում պատմել է, որ Ալեքսանդր Պորոխովշչիկովը որոշել էր երեխաներ ունենալ: Նրա խոսքով, դերասանը վերջին ժամանակներս քննարկում էր փոխնակ մայր գտնելու հարցը: Ավելին, նա արդեն գտել էր մի կնոջ, ով կարող էր իր երեխայի համար փոխնակ մայր դառնալ: Ժորինը ընտանեկան դժբախտություն է անվանել պորոխովշչիկների ընտանիքում երեխաների բացակայությունը:

Ռուսական լրատվամիջոցները նաեւ ոչ հաճելի մանրամասներ են հաղորդում Պորոխովշչիկովի կնոջ թաղումից. Կնոջ եղբայրը, ով դատվում էր քրոջ հետ բնակարանի հարցով, հրաժարվել է զբաղվել քրոջ թաղումով եւ պնդում է, որ Իրինայի մահվան մասին տեղյակ պահեն մահվան հետ կռիվ տվող Պորոխովշչիկովին: