Բարձր մակարդակում ամերիկա-թուրքական երկխոսությունը չարձանագրեց որեւէ առաջնթաց, որ ի վիճակի էր նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ Հայաստանի հետ սահմանի բացմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«Չնայած ակնկալիքներին, մենք նման առաջընթաց չենք տեսել, եւ գիտակցում ենք, թե ինչու: ԱՄՆ-ը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Միեւնույն ժամանակ երկու առաջնորդների միջեւ քննարկված յուրաքանչյուր հարց վերջնարդյունքում կարող է ուղղվել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների խթանմանը»,- հայտարարել է Սաֆարյանը: Բայց առաջիկա երկու ամսում այդ հարցում պարզություն կմտցվի, կանխատեսեց պատգամավորը՝ ընդգծելով, թե այժմ հասել է պահը, երբ առանց գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, նաեւ Եվրամիության ջանքերի՝ հայ-թուրքական երկխոսության մեջ առաջընթաց լինել չի կարող:

«Երկու երկրների հարաբերություններում կրկին պատային իրավիճակ է, ասվել է ամեն ինչ, ինչ կարելի էր ասել: Եթե Թուրքիան շարունակի հետայսու շեշտը դնել ղարաբաղյան հակամարտության վրա, Հայաստանի քաղաքական ուժերի, այդ թվում եւ՝ կոալիցիոն, խնդիրը կլինի բացատրել ողջ աշխարհին հայկական կողմից միակողմանի զիջումների անհնարինությունը»,- ասել է Սաֆարյանը:

Իսկ փաստը, որ Էրդողանը արձանագրությունների վավերացումը կրկին կապել է ղարաբաղյան խնդրի հետ, նորություն չէ: Գլխավորը, ըստ Սաֆարյանի, կկարողանան արդյոք ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Ռուսաստանը ազդել Անկարայի վրա եւ ստիպել փոխելու իր հայացքները: «Կարծում եմ՝ Օբամա-Էրդողան հանդիպմանը դա տեղի չի ունեցել: Եւ դա ամենադրամատիկ պահն է»,- նշել է Սաֆարյանն ու հավելել, թե Հայաստանը ոչինչ չի կորցնում բանակցությունների ձախողումից. «Մենք անկեղծ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր ցանկության մեջ, բայց եթե նա պատրաստ չէ, ուրեմն խնդիր չկա»: