50 տարի առաջ մի խումբ ֆիզիկոսների նախաձեռնությամբ ստեղծված Արքիմեդի օրն այսօր արդեն նոր անուն ունի` Ֆիզիկոսի օր:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական կառույցների եւ դասախոսական կազմի շնորհիվ երկար ընդմիջումից հետո արդեն 3-րդ տարին է, ինչ ֆակուլտետում ապրիլի 20-ին նշվում է այդ օրը:
«Շատ ողջունելի է, որ գնալով մեծանում է ուսանողների ակտիվությունը: Մենք ուզում ենք, որ մեր այս նախաձեռնությունը չսահմանափակվի միայն Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանակներով: Ցանկանում ենք նաեւ վերականգնել ուսանողական գարունների շարքը, որի առաջին ծաղիկը մեր կազմակերպած միջոցառումն է»,- նշել է ֆակուլտետի դեկանի տեղակալ Լեւոն Ասլանյանը:
Ի դեպ, դեկանի տեղակալը անակնկալ էր պատրաստել ուսանողների համար` տարբեր նկարներով ու հետաքրքիր մեկնաբանություններով տեսանյութերի տեսքով: Միջոցառման ընթացքում կոտրվեց այն կարծրատիպը, թե ֆիզիկոսը «լուրջ» է, հաշվարկային: Այսօր ֆիզիկոսը հումոր էր անում, երգում էր, նվագում, տարբեր խաղերի մասնակցում, հուշեր էր պատմում. մի խոսքով` տոնական տրամադրություն ուներ:
Ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը, շնորհավորելով բոլոր ֆիզիկոսներին օրվա կապակցությամբ, նշել է, որ ֆակուլտետն աչքի է ընկնում դասախոս-ուսանող ջերմ հարաբերություններով, սակայն դա չի խանգարում, որ լուրջ, գիտական մթնոլորտում կարողանան պահել իրենց չափի զգացումը եւ կոչ արեց, որ միջոցառման ընթացքում դասախոսների վերաբերյալ հումորային համարներին նույնպես վերաբերվեն հումորով:
Ուսանողներին հաջողվել է փոքրիկ, խաղարկային ներկայացումների շնորհիվ դասախոսներին տեղափոխել իրենց ուսանողական տարիներ. վերջիններս ոգեւորված հուշեր էին պատմում այդ ժամանակներից:





























