«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 8-ին պաշտպանական կողմը հրապարակել է փաստաբանական հարցման արձանագրությունները: Մասնավորապես պաշտպանները հարցման էին ենթարկել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանին, գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանին, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Քրիստինե Խանումյանին, «Թերթ.am» կայքի թղթակից Լիլիթ Թադեւոսյանին, NEWS.am գործակալության թղթակից Արտակ Եղիազարյանին, լրագրող Մանուկ Սուքիասյանին, վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանին եւ այլոց: Վերջիններիս հարցումներով հերթական անգամ ապացուցվեց, որ 2008թ. մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանը հակաօրինական որեւէ գործողություն չի կատարել:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բոլոր հարցումները ճանաչել է որպես ապացույց եւ կցել գործին:
Մեղադրող կողմը դատարանին միջնորդել է գործին կցել նաեւ «7-ի գործին» առնչվող Վճռաբեկ դատարանի որոշումները, ինչին պաշտպանական կողմը պատասխանել է, թե դա հակասում է օրենքին, քանի որ դատարանը չի կարող վերացնել վերադաս դատարանի որոշումները: Ինչեւէ, Մնացական Մարտիրոսյանը չի կարողացել մերժել մեղադրողներին, եւ այդ փաստաթղթերը եւս կցվել են գործին:
Դատական հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 10-ին, ժամը 12-ին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է 2008թ. մարտի 1-ին զինված անկարգություններ կազմակերպելու մեջ:




























