Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանը ընդհանուր առմամբ գոհ է մինչ այս պահը ընտրատարածքում քարոզարշավի ընթացքից:

«Շարունակում եմ հավատալ, որ քաղաքակիրթ ընտրապայքարի առումով մեր ընտրատարածքը կարող է լինել օրինակելիներից մեկը ողջ երկրում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆարմանյանը:

Նա ափսոսանք է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները միասին դիտելու՝ նախորդ շաբաթ արված իր պարզ առաջարկը, մրցակցի կողմից չընդունվեց՝ որպես հիմնավորում ներկայացնելով նախատեսված հեռուստաբանավեճի առավել անհրաժեշտությունը: «Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ պարոն Կարապետյանը ճիշտ չի ընկալել իմ առաջարկի իմաստը, որը գալիս էր ոչ թե փոխարինելու հեռուստատեսային եթերում բանավեճի գաղափարին (իմիջիայլոց, ես գրեթե ամեն օր այս կամ այն կերպ ստիպված կրկնում եմ, որ ընդունել եմ բանավեճի առաջարկը եւ ինձ համար, իրոք, տարօրինակ է, որ պարոն Կարապետյանն ամեն օր հայտարարում է, թե ինքը սպասում է իմ արձագանքին), այլ փոխլրացնելու եւ հարստացնելու այն: Ինչպես երեկ՝ Հ2-ի եթերում, այնպես էլ այսօր կրկնեմ որ ես տվել եմ իմ համաձայնությունը Արտակ Ալեքսանյանի առաջարկությանը՝ ապրիլի 26-ին, մրցակցիս հետ միասին, որպես թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ, հյուրընկալվելու Արմնյուզի ուղիղ եթերում»,- նշել է ֆարմանյանը:

«Մինչ այդ, թեեւ Վ. Կարապետյանի կողմից ցայսօր դրսեւորած խուսափողական կեցվածքը, իր ու իր նեղ թիմակիցների կողմից գործադրվող սեւ քարոզչությունն ու վիրավորական ակնարկները լավատեսության մեծ հիմքեր չեն տալիս, ես, հավատարիմ քաղաքակիրթ եւ օրինակելի ընտրապայքար ծավալելու իմ առաջնային հանձնառությանը, մրցակից թեկնածուիս առաջարկում եմ՝ ապրիլի 24-ին միասին առաջնորդելու Նոր Նորք համայնքի մեր աջակիցների երթը Ծիծեռնակաբերդ՝ միասին խնկարկելու Ցեղասպանության զոհերի հիշատակը»,- նշել է Սամվել Ֆարմանյանն ու հավելել. «Վստահ եմ՝ մենք կարող ենք եւ նույնիսկ պարտավոր ենք վեր կանգնել պահի՝ թելադրող քաղաքական մշակույթի իներցիայից, դրսեւորել պատասխանատվություն եւ ապացուցել, որ մենք տարբեր ենք...»: