ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:

CNN հեռուստաալիքի հաղորդման ժամանակ, ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահը դառնալու հնարավորության մասին հարցին, Քլինթոնը պատասխանել է, որ կնոջ համար արդեն ժամանակն է երկրի ղեկավար դառնալ եւ բարձր պաշտոններ զբաղեցնել կառավարությունում, բայց ինքը իր համար նման հնարավորությունը չի քննարկում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

«Այդ ապագան ինձ համար չէ, բայց ես հույս ունեմ, որ կքվեարկեմ կնոջ օգտին, որը մեր երկրում կառաջադրվի նախագահի պաշտոնում»,-ասել է Քլինթոնը:

Հարցին, կհամաձայնի՞ փոխնախագահ դառնալ, եթե նման առաջարկ իրեն անի երկրի նախագահը, Քլինթոնն ընդգծել է, որ դա հաստատ տեղի չի ունենա:

«Դա տեղի չի ունենա: Դա նույնն է, որ Օլիմպիական կոմիտեն խնդրի Ձեզ, թե պատրա՞ստ եք մարաթոնյան վազք կատարել»,-ասել է նա: