ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ երեկ մեկնարկեց Մաշտոցի պուրակի քաղհայցով դատավարությունը, որով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Ռուբեն Բադալյանը պահանջում են անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետարանի 13,12,2011թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքը եւ 15,12,2011թ. քաղաքապետարանի կողմից «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին տրված թույլտվությունը գոյություն ունեցող տաղավարների արդիականացման եւ նորերի տեղադրման աշխատանքների կատարման մասին: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:
Հայցվոր կողմը պահանջել է նաեւ անվավեր ճանաչել Տարոն Մարգարյանի եւ Երեւանի քաղաքապետարանի ՃԳ վարչության կողմից համաձայնեցված գլխավոր հատակագիծը:
Երեկվա նախնական դատական նիստում հայցորներից Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը պատասխանող կողմից` քաղաքապետարանի ներկայացուցիչ Աշխեն Ղարսլյանից պահանջեց հայցվոր կողմին էլ տրամադրել վարույի բոլոր նյութերը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը, չառարկելով հայցվորի պահանջին, նշեց, որ նյութերը առձեռն, ողջ ծավալով կներկայացվեն հայցվոր կողմին:
Նշենք, որ դատական նիստին, չնայա ծանուցմանը,մյուս հայցվորները չէին ներկայացել, միայն ուշացումով դատարան էր եկել Լարիսա Ալավերդյանը, որի ներկայությունը, սակայն, դատական նիստերի քարտուղարն այդպես էլ չարձանագրեց: Դատարանը նաեւ տեղեկացրեց, որ «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ն դիմել է դատարանին իրեն որպես երրորդ անձ պատասխանող ճանաչել, քանի որ դատարանը կարող է անդրադառնալ նրանց շահերին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 10-ին»,- գրում է Հայացք» թերթը:




























