ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի ունեցվածքն այն է, ինչ նշվել է հայտարարագրում եւ նա լինելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, նավսին կամ չար աչքին չի հավատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սամվել Բալասանյանը` անդրադառնալով իր ունեցվածքներին: Սամվել Բալասանյանի հետ NEWS.am-ի թղթակցի զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Բալասանյան, Ձեր հայտարարագրում ներկայացրել եք, որ ունեք շենք- շինություններ Գյումրիում, հողամաս ու անասնագոմ Ազատան համայնքում: Եթե կարելի է նշեք, թե ներկա դրությամբ, անասնագոմը ինչ նպատակով է օգտագործվում: Ձեր ընտանիքի անդամների կողմից այն շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ:
Հավատարիմ մնալով իմ նախընտրական կարգախոսին` այն է. «վերականգնենք կորցրած աշխատատեղերը», առաջիկայում կփորձեմ նպաստել, որպեսզի նշյալ տարածքներն ու շինություններն օգտագործվեն ըստ իրենց նշանակության: Անկախ նրանից, թե ովքեր կզբաղվեն տեղում կազմակերպվելիք արտադրությամբ` կարեւորն այն է, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ավելին ասել չեմ կարող:
Հայտարարագրում նշել էիք նաեւ «Մոսկվիչ 2140» մակնիշի մեկ ավտոմեքենայի մասին (1977 թ. արտադրության): Դա Ձեր եւ Ձեր ընտանիքի միա՞կ մեքենան է, Դուք դրանո՞վ եք շրջում:
Ձեր կողմից հիշատակված մեքենան բավական երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է իմ սեփականությունը: Անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր շարունակում են պահել սովետական արտադրության իրենց հին մեքենաները եւ այդպիսի մարդկանց թվում եմ նաեւ ես: Ինչ վերաբերում է իմ ընտանիքի անդամներին, ապա ասեմ, որ որդիներս եւս ունեն իրենց անձնական մեքենաները, իսկ ես երթեւեկում եմ ծառայողական մեքենայով:
Այսինքն Ձեր ունեցվածքն այսքա՞նն է: Եթե ոչ, ապա էլ ինչե՞ր ունեք, օրինակ ասում են, որ Գյումրիի գարեջրի գործարանը ձեր որդիներն են աշխատեցնում: Թե՞ հավատում եք նավս կամ չար աչք ասվածին եւ խուսափում եք նշել ունեցվածքի մասին:
Իմ ունեցվածքն այն է, ինչ նշվել է հայտարարագրում: Ես Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ եմ եւ Ձեր ասած նավսին կամ չար աչքին չեմ հավատում: Այո, իմ որդիները զբաղվում են բիզնեսով, ավելի կոնկրետ Գյումրիի գարեջրի գործարանով:
Իսկ գարեջրի գործարանը ինչո՞ւ չեք հայտարարագրել:
Գարեջրի գործարանի շենքի սեփականատերն եմ ես: Հայտարարագրել եմ այն, ինչ կա:
Ի դեպ, թիվ 35 ընտրատարածքում Ձեր դեմ առաջադրված Ձեր աշխատակից Հայկ Սուլթանյանը, որը արդեն ինքնաբացարկ է ներկայացրել շարունակելո՞ւ է աշխատել Ձեր գործարանում, թե՞ ոչ: Նա մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջադրվելուց առաջ արձակուրդ է վերցրել:
Այո, պարոն Սուլթանյանը գտնվում է արձակուրդում եւ ինքնաբացարկից հետո միացել է իմ քարոզարշավին ու աջակցում է ինձ: Իսկ կվերադառնա՞ արդյոք իր աշխատանքին, թե ոչ, ավելի ճիշտ կլինի ճշտել իրենից եւ գործարանի ադմինիստրացիայից:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























