Ոստիկանության Նաիրի բաժին բերման են ենթարկել մի շարք խարդախությունների հեղինակ 36 Արամայիս Օհանովին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Նաիրի բաժնից, իսկ Նոր Արտամետ գյուղի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ Արամայիսը մոտավորապես 10 տարի է ինչ զբաղվում է խաղամոլությամբ, ինչն էլ հետագայում նրան դրդել է խարդախության:
Նա դեռեւս 10 տարի առաջ ապրել է Ռուսաստանում եւ այնտեղ մսի գործով է զբաղվել, սակայն մի օր գնալով խաղատուն, լուրջ ազարտի մեջ է ընկել: Ազարտը նրա վրա շատ թանկ է նստել, քանի որ աշխատանքից վաստակած գումարը ծախսել է խաղատներում եւ պարտքերի տակ ընկել: Նա այդ պարագայում էլ շարունակել է իր հույսը կապել խաղատների հետ եւ կարծել, թե այնքան գումար կկարողանա շահել, որ բոլոր պարտքերը միանգամից կմարի: Այնինչ` պարտքերը ավելի ու ավելի են շատացրել եւ այնքան, որ ստիպված է եղել Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան:
Ի դեպ, նա Ռուսաստանում մսի գործով է զբաղվել: Հայաստանում եւս շարունակել է մսի գործ անել ու միաժամանակ իր եւ պարտատերերի գումարները վատնել խաղատներում: Պարտքերն այնքան են շատացել, որ ծախել է տունը եւ Նոր Արտամետ գյուղում վարձով բնակություն հաստատել: Հարկ է նկատել, որ նա միս վաճառողներին խաբելու հետաքրքիր խայծ է օգտագործել: Սկզբում չի ասել, որ միսը ապառիկ է գնում: Այդ մասին նա ասել է այն ժամանակ, երբ արդեն անասունը մորթված է եղել, որի արդյունքում մարդիկ ստիպված են եղել «նիսիայով» վաճառել: Նրա գործողություններից տուժել են մի շարք գյուղերի բնակիչներ:
Խաղատներից Արամայիսին հետ չի պահել նաեւ այն հանգամանքը, երբ կինն ու երեխաները հեռեցել են նրանից:
Ոստիկանության Նաիրի բաժնից տեղեկացանք, որ Արամայիս Օհանովն ընդունել է մեղքը, սակայն նախաքննությունը դեռ շարունակվում է:




























