Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան պարոն Ժելկո Յանետովիչին (նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի ընդունման կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ընդգծելով Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ փոխգործակցությունը զարգացնելու մեր երկրի հետաքրքրությունը, նախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ երկու երկրների հարաբերությունները դեռեւս սաղմնավորման փուլում են, բայց զարգացման մեծ հնարավորություններ ունեն: Զրույցի ժամանակ կողմերը կարեւորել են փոխհարաբերությունների համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու բազմաշերտ համագործակցություն:

Դեսպան Յանետովիչը համառոտ ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տնտեսական իրավիճակը:

Հանրապետության նախագահը եւ նորանշանակ դիվանագետը մտքեր են փոխանակել նաեւ բալկանյան եւ հարավկովկասյան տարածաշրջանների խնդիրների ու զարգացումների վերաբերյալ: