Հայաստանի եւ Սանկտ Պետերբուրգի ապրանքնաշրջանառությունը այս տարվա 9 ամիսներին կազմել է 28.15 միլիոն դոլար եւ նախկին տարվա համեմատ 13 տոկոսով նվազել է։ Ապրանքաշրջանառության ավելացման համար այսօր քննարկում էր ծավալվել հայաստանցի եւ պետերբուրգցի գործարարների միջեւ, խնդրի շուրջ հրավիրված եռօրյա կլոր սեղանի շրջանակում։ Սանկտ Պետերբուրգից Հայաստան ներկրվող ապրանքների 64 տոկոսը ծխախոտ է, իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների 94 տոկոսը ալկոհոլ է։ Ընդ որում ապրանքաշրջանառության 28,15 մլն դոլարից 26,6 մլն դոլարը Սանկտ Պետերբուրգից ներկրվող ապրանքների արժեքն է։ Հայաստանի գործարարների եւ գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը նշեց, որ ապրանքաշրջանառության ավելացման մեծ ներուժ կա։ «Էլեկտրոնիկայի եւ ավտոմատիկայի շուկայում աշխատող ընկերություններն արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել»,- NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս նշեց Մակարյանը՝ ավելացնելով, որ զբոսաշրջության եւ դեղագործության ոլորտում ռուս գործընկերները համագործակցելու պատրաստակամություն եւս արտահայտել են։
Տեղեկացնենք, որ գործարար քննարկումները կշարունակվեն եւս երկու օր, եւ այդ ընթացքում հնարավոր է, որ որոշ ընկերությունների հետ համագործակցության պայմանագրեր կնքվեն։




























