Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որը կարգավորում է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11 եւ 13 բնակելի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցել 49 բնակարանով բնակելի շենքի եւ շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից հետո դրանք տրամադրել վթարային շենքի բնակիչներին:
Վթարային շենքը ենթակա է պարտադիր քանդման վարչական շենքի վերակառուցման աշխատանքների ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում:
Նախատեսվում է նաեւ վթարային շենքերով եւ շինություններով զբաղեցված հողատարածքը սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պետական սոցիալական ծրագրերի հետագա իրականացման նպատակով:




























