«Գաբբնակշին» ընկերության կողմից վերավաճառված Արամի 72-80, Երկմալյան 1-3 հասցեների 50 բնակարանների սեփականատերերն այսօր` ապրիլի 23-ին, նախագահական նստավայրի մոտ հացադուլի են դիմել: Ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, նրանք պահանջում են, որ «Գաբբնակշին» ընկերությունը, որը վերավաճառել է իրենց բնակարաններն այլ քաղաքացիների, հետ վերադարձնեն: Ավելին` նրանց միացել էին նաեւ 48 շինարարներ, որոնց փոխանցմամբ «Գաբբնակշին» ընկերությունն արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց աշխատավարձ չի տալիս:
Նրանք նաեւ ահազանգում են, որ շինարարների տվյալները հավաքում են` ՀՀԿ-ի օգտին ձայներ տալու համար:
Ի դեպ, վերը նշված հասցեների բնակիչների խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծվել էր կառավարությանն առընթեր հանձնաժողով, սակայն բնակիչները նշեցին, որ այդ հանձնաժողովի հետ իրենք հույսեր չեն կապում, քանի որ դա, ըստ նրանց, ձեւական բնույթ է կրում:




























