Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` ապրիլի 23-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային եւ անդրադարձել երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին:

Մայր աթոռից հայտնում են, որ Գարեգին Բ-ն խոսել է Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջեւ առկա ջերմ եղբայրական հարաբերություններին եւ սերտ համագործակցությանը: Նա ուրախություն է հայտնել, որ երկու երկրների փոխհարաբերությունները հատկանշված են նույն բարեկամությամբ, որին իր նպաստը կբերի նաեւ Հայաստանի եւ Իտալիայի երկու մարզերի համագործակցությունը:

Անդրադառնալով Իտալիայի եւ մասնավորապես Միլանի հայ համայնքին ու նրա օգտակար ծառայությանն երկրի կյանքում` Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել այն հոգատարության համար, որ դրսեւորվում է հայ համայնքի հանդեպ:

Իր հերթին, Միլանի նահանգապետն անդրադարձել է մարզերի համագործակցությանը, տնտեսական-ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ խոսեց Իտալիայի հայ համայնքի կարեւոր ներդրման մասին երկու ժողովուրդների հարաբերությունների զորացման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության 97–րդ տարելիցին: Գարեգին Բ-ն ընդգծել է, որ թե´ Իտալիան, թե´ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ճանաչել եւ դատապարտել են Հայոց Մեծ Եղեռնը: Նա համոզմունք է հայտնել, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները մարդկության կյանքում:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: