Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, ապրիլի 22-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է «Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի առիթով Հայաստան ժամանած Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի գլխավորած պատվիրակությունը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն անդրադարձել է Մայր աթոռի` որպես հոգեւոր-մշակութային նշանավոր օջախի ունեցած դերին ու նշանակությանը հայ գրատպության սկզբնավորման եւ զարգացման գործում:
Նա նախախնամական է նկատել, որ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը հանձնվելու է հենց Մաուրիսիո Մակրիի ձեռքով, քանզի զգացումով եւ ապրումներով շատ մոտ երկու ժողովուրդները միմյանց նկատմամբ առանձնահատուկ սեր եւ ջերմություն են տածում:
Կաթողիկոսը նաեւ ընդգծել է, որ պատվիրակության ներկայությունը Հայաստանում ավելացնում է տոնական այս օրերի ջերմությունը:
Հանդիպման ավարտին Գարեգին Բ-ն ի դեմս քաղաքապետի իր օրհնությունն է փոխանցել Արգենտինայի ժողովրդին` մաղթելով, որ Տերը խաղաղության եւ առաջընթացի մեջ պահի երկիրը եւ արդյունավորի Արգենտինայի բարեպաշտ ժողովրդի բոլոր ջանքերը:




























