«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնությունն այս տարի մեկնարկել է ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 27-ը:
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչեւ դրանց վերացումը: Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է եւ հասանելի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝
• աշխարհում տարեկան 3 մլն կյանք է փրկվում պատվաստումների շնորհիվ,
• 1998 թվականից 5 մլն մարդ կարողանում է քայլել` պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ, իսկ մոտակա 40 տարում՝ ավելի քան 10.6 մլն մարդ,
• Արեւմտյան Եվրոպայում կարմրուկով հիվանդի բուժումը կազմում է 209-480 եվրո, իսկ կարմրուկի պատվաստանյութի 1 դեղաչափն արժե 0.17-0.97 եվրո:
Սակայն այս նվաճումները մարդկանց մեջ ձեւավորել են թյուր կարծիք, որ այլեւս անհրաժեշտություն չկա կատարել պատվաստումներ հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ վարակիչ հիվանդությունները կարող են առաջացնել բռնկումներ եւ դեռեւս համարվում են մահացու: Հիշարժան են հետեւյալ թվերը եւ փաստերը. վերջին 2 տարվա ընթացքում գրանցվել են կապույտ հազի բռնկումներ Ճապոնիայում՝ 13000 դեպքով, ԱՄՆ-ում՝ 7000 դեպքով՝ միայն 2010 թվականին 10 մահվան ելքով: 2010թ. Տաջիկստանում գրանցվել է պոլիոմիելիտի 458 դեպք՝ 29 մահվան ելքով: 2010 թվականից առ այսօր աշխարհում շարունակվում է կարմրուկի համաճարակը, աշխարհում տարեկան 2 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ Բ-ի բարդություններից:
Հայաստանում 1995 թվականից այլեւս չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր հանդիսանում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր եւ առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը:
1994-95 թվականներին հանրապետությունում դիֆթերիայի բռնկումից հետո, զանգվածային պատվաստումների շնորհիվ, համաճարակային իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարվա ընթացքում դեպքեր չեն արձանագրվել: Այս օրերին աշխարհի շատ երկրներում լուրջ խնդիր են կարմրուկը եւ կարմրախտը՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլուր: Դեռեւս 2010 թվականից եվրոպայում սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է մինչեւ օրս, իսկ որոշ զարգացած երկրներում, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայում եւ Իտալիայում, նույնիսկ գրանցվել են կարմրուկից մահվան դեպքեր: Մինչդեռ Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է՝ ճիշտ ռազմավարության իրականացման շնորհիվ: 2007 թվականին կարմրուկի եւ կարմրախտի դեմ կատարված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում ենթակա երեխաների մոտ 98 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեպքեր չեն արձանագրվել: 1999 թվականին հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը նվազել է մոտ 100 անգամ: 2009 թվականին հնգավալենտ պատվաստումների ներդրման արդյունքում հանրապետությունում 2011 թվականին մենինգիտները նվազել են մոտ 2անգամ:
Հիշեք, որ միայն ժամանակին արված պատվաստումները կարող են կանխել վարակիչ հիվանդության եւ հաշմանդամության զարգացումը:




























