Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ իր մրցակից Վլադիմիր Կարապետյանը (առաջադրված ՀԱԿ-ի կողմից) պատրաստ չէր «վեր կանգնել քաղաքական մշակույթի այսօր տիրապետող որակներից»:

Ֆարմանյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ մեր` Նոր Նորքի N 2 ընտրատարածքը կարող է եւ պարտավոր է լինել օրինակելի` ընտրապայքարի որակի եւ այն քաղաքակիրթ հունով տանելու առումներով:

Կարելի է արձանագրել, որ իմ բոլոր նախաձեռնությունները, ինչքան դրական արձագանք գտան մեր երկրի քաղաքական մշակույթի ապագայով մտահոգ շատուշատ քաղաքացիների, այնքան էլ իրականում անպատասխան մնացին մրցակցիս կողմից:

Ցավոք, պարոն Կարապետյանը ցույց տվեց, որ իրականում պատրաստ չէ վեր կանգնել մեր քաղաքական մշակույթի այսօր տիրապետող որակներից, որոնք ժամանակի ընթացքում պարտադրաբար մաշվելու են: Ապրիլի 24-ին մեր աջակիցների հետ միասին Ծիծեռնակաբերդ բարձրանալու իմ առաջարկությանը տրված պատասխանին, ընդհանրապես, ավելորդ եմ համարում անդրադառնալ. յուրաքանչյուրս կարող ենք սեփական հետեւություններն անել:

Թեեւ քարոզարշավն արդեն հատել է հասարակածը, առաջիկա հեռուստատեսային բանավեճը, ցավոք, մնում է քաղաքակիրթ ընտրապայքարին բնորոշ այն միակ տեսանելի եւ ապրող բաղադրիչը, որով կտարբերվենք եւ ընդառաջ կգնանք քաղաքական մշակույթի այն որակներին, որոնք,, վստահաբար, իշխելու են վաղվա Հայաստանում»: