Երեւանում արդեն սկսվել են քաղաքի շենքերի լվացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները, ինչպես նաեւ կամարանցումների նկարազարդման գործընթացը: Այս մասին նշվել է այսօր` ապրիլի 23-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաեւ նստարանների եւ աղբամանների տեղադրման աշխատանքները: Խորհրդակցությունը վարող Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նկատել է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածների փողոցներում եւ հրապարակներում նոր, գեղարվեստորեն ձեւավորված նստարանները գոհունակություն եւ մեծ ոգեւորություն են առաջացրել բնակչության շրջանում:

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին եւ ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը եւ, հատկապես համատիրությունների միջոցով, բնակչությանը մեկ անգամ եւս իրազեկել այդ մասով պարտադիր վճարումների ուշացման կամ չվճարման դեպքում օրենքով սահմանված կարգով տույժերի եւ տուգանքների կիրառման մասին:

Մշտական վերահսկողության պահանջ է դրվել նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու նկատմամբ. բոլոր  տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել եւ խնամել իրենց օբյեկտների հարակից տարածքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Նաեւ զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները: 

Մայրաքաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ  աշխատանքների մեկնարկից մինչ այս պահը տարբեր վարչական շրջաններում ասֆալտապատվել է ավելի քան 295000 քմ տարածք: Հանձնարարվել է շարունակել խստորեն հետեւել իրականացվող աշխատանքների որակին ու ժամանակացույցի պահպանմանը:  

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչություններին եւ օպերատիվ ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: