Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, ապրիլի 22-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման միջոցառումների շրջանակներում Երեւանում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվեցիայի 40-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Մայր աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ համաժողովի նախագահ Կատալին Բոգյայը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչեւ Էնդիգան:
Անդրադառնալով հայ գրատպության զարգացման գործում Հայ Եկեղեցու ունեցած կարեւոր ավանդին` Գարեգին Բ-ն նշել է, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում է բացվել տարածաշրջանի առաջին տպարանը 1771 թ., որ շարունակում է գործել առ այսօր:
Նա իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել գիտաժողովի մասնակիցներին` գոհունակություն հայտնելով Երեւանը 2012 թ.գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Գարեգին Բ-ն համոզմունք է հայտնել, որ այն գեղեցիկ մի առիթ պիտի հանդիսանա փոխադարձորեն միմյանց ճանաչելու, ծանոթանալու հայության հոգեւոր-մշակութային արժեքներին, որոնք արտահայտում են հայ ժողովրդի էությունը, նրա տեսիլքներն ու երազանքները:




























