Թերթը գրում է, որ Արարատի թիվ 18 ընտրատարածքում ընտրական գործընթացները բավականին լարված մթնոլորտում են անցնում:

Թվում էր՝ այստեղ առաջադրվածներից հայտնի թեկնածուի՝ Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար պատգամավորի մանդատը ձեռք բերելու ճանապարհին լուրջ խոչընդոտ չի առաջանալու (մանավանդ որ ՀՅԴ աջակցությունն ունեցող Գրիգորյանին սատարելու կոչով հանդես եկավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը):

Բացի դրանից, վերջինիս հիմնական մրցակիցը ոչ այնքան հայտնի անկուսակցական Ռազմիկ Թեւոնյանն է, ով, ի դեպ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ընկերը լինելու պատճառով արժանացավ ՀԱԿ աջակցությանը: Մինչդեռ նախընտրական վերջին զարգացումները որոշակիորեն փոխել են ընտրապայքարի ընթացքը:

Մասնավորապես, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն որոշում է կայացրել թիվ 18 ընտրատարածքում սատարել Թեւոնյանի թեկնածությունը, ըստ լուրերի՝ դա նախաձեռնել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգորի Գրիգորյանը՝ Շերիֆը, ով նույնպես ծնունդով այս մարզից է:

Հիշեցնենք, որ Գրիգորի Գրիգորյանը զբաղեցրած պաշտոնը լքեց 2008-ի մարտի 1-ի  իրադարձություններից հետո, ավելին՝ հենց նա էր մարտի 1-ին ղեկավարում ոստիկանության զորքերը: Ինչեւէ, հայտնի է նաեւ, որ Գրիգորյանն ամիսներ առաջ է անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ ԲՀԿ Արարատի կառույցի ղեկավարն է ու լավ

հարաբերություններ ունի գործարար, «Երասխ» գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւոնյանի հետ: Նկատենք նաեւ, որ տարածքի ներկայիս գործող պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը նույնպես աջակցում է Թեւոնյանին, գրում է «Հրապարակը»: