Թերթը գրում է, որ նախընտրական փուլում ընտրակաշառք վերցնողներին, որպես կանոն, խորհուրդ են տալիս վերցնել կաշառքը եւ ընտրել խղճի մտոք: Բայց ընտրակաշառք բաժանողներն էլ միամիտ չեն, որ փողը բաժանեն առանց երաշխավորված արդյունքի: Եւ ընտրակաշառք բաժանողները գտել են ելքը. այս օրերին շենքերով, բնակարաններով շրջում են երիտասարդներ, ովքեր ներկայանում են ինչ-որ միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունից եւ հարցում են անում, թե ում են ընտրելու քաղաքացիները:

Պարզվում է՝ ոչ մի սոցիոլոգիական կազմակերպություն էլ չկա, սա սովորական ստուգիչ գործողություն է ընտրակաշառք բաժանողների կողմից, որոնք լրացուցիչ ճշտում են, թե ում են ընտրելու իրենցից փող ակնկալող մարդիկ: «Վստահիր, բայց ստուգիր»,- ասում է հայտնի ասացվածքը: Եվ կաշառք բաժանողներն այդպես էլ անում են: Փողը, բնականաբար, կստանան նրանք, ովքեր ճիշտ կպատասխանեն, թե ում են տալու իրենց ձայնը:

Հարցում անող երիտասարդներին խստիվ արգելվում է հայտնել, թե որ կուսակցությունն են ներկայացնում, որպեսզի ընտրողների մոտ կասկածներ չառաջանան, եւ անկաշկանդ ասեն ում են ընտրելու: Այդ պատճառով էլ «սոցիոլոգներին» «բեյջեր» են բաժանել՝ «Երիտասարդ սոցիոլոգների միջազգային միություն» մակագրությամբ՝ ավելորդ կասկածներից խուսափելու համար, գրում է «Հրապարակը»: