Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Երբ դու ինքդ քո մասին ասում ես` «բազմաչարչար ժողովուրդ», դու, առաջին հերթին, նկատի ունես, որ դրանով քո ժողովուրդը տարբերվում է մնացածներից: Այսինքն` կան աշխարհիս երեսին ժողովուրդներ, որոնք իրենց պատմության ընթացքում չեն չարչարվել, զրկանքներ չեն կրել, տեղահան չեն արվել: Այդ տրամաբանության համաձայն` կան ժողովուրդներ, որոնց տները չեն ներխուժել թշնամիները, չեն սպանել անզեն մարդկանց, չեն բռնաբարել կանանց, չեն վառել եւ թալանել ողջ ունեցվածքը: Դա միայն հայերի հե՞տ է պատահել: Դա մեր ազգային առանձնահատկությունն է: Թերեւս, որոշակի տարբերությունն այն է, որ ոչ բոլորի հետ է դա տեղի ունեցել համեմատաբար վերջերս` 20-րդ դարում, եւ ոչ բոլոր սպանող-վառող-բռնաբարողներն են թուրքերի նման լկտիաբար պնդում, թե իրենք եւ իրենց պետությունը հայերի նկատմամբ ոչ մի հանցագործություն չեն գործել, մի բան էլ` հանցագործը մենք` հայերս ենք:

Բայց դարձնել քո վերքը, քո բազմաչարչար լինելը մի տեսակ պարծանքի առարկա, «ազգային բրենդ» եւ դրանով փորձել ինքնահաստատվել, ինձ թվում է` սխալ ճանապարհ է: Կառուցել «ազգային գաղափարախոսությունը» «այս փոքրիկ հողակտորում ծվարած, մազապուրծ եղած, ջարդված, կոտորված, բազմաչարչար ազգի» հոգեբանությամբ, իմ տպավորությամբ, մեզ սխալ ուղղությամբ է տանում: Ռուսական կամ խորհրդային պետության կազմում այդ «խեղճանալն» ուներ իմաստ` այդպիսով դու պահպանում էիր քո ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը, պատմությունը, ճիշտ է` որոշակիորեն աղավաղված տեսքով: Վերջին 20 տարում մենք պետք է մշակեինք Ցեղասպանության վերաբերյալ նոր, խորհրդայինից եւ «սփյուռքահայկականից» տարբերվող քաղաքական հայեցակարգ` թե Հայաստանում այդ հարցն ընկալելու եւ թե աշխարհում այն ներկայացնելու առումով: Բայց մենք դա չարեցինք` ուրիշ բաներով էինք զբաղված:

Այժմ էլ ընտրություններով ենք զբաղված` մոռանալով, որ դա փոքրիկ մի ժամանակաշրջան է, որի կրքերը մեկ ամիս հետո, այսպես թե այնպես, մարելու են: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունն» այսօր հայտարարել են լռության օր, որքան հասկանում եմ` նախընտրական քարոզչությունից ազատ օր: Ճիշտ նախաձեռնություն է. տհաճ կլինի, եթե այսօր ապրիլի 24-ի կամ որեւէ այլ առիթով քաղաքական ուժերը դարձյալ իրար կշտամբեն կամ մեղադրեն: Մի օր կարելի է ապրել առանց քաղաքական դատարկաբանությունների»,- գրում է «Առավոտ» թերթը: