Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին փորձում է ստանալ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող ընտրողների ձայները, որպեսզի հաղթի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Ինչպես նշում են դիտորդները, Օլանդը մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում կարող է ստանալ ընտրողների 43 տոկոսը, ովքեր առաջին փուլում քվեարկել էին աջ կուսակցությունների օգտին, այն դեպքում, երբ Սարկոզին ստիպված է հույսը դնել «Ազգային ճակատի» ձայների վրա:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին կայացած ընտրություններում Սարկոզին ստացել էր ընտրողների 27,18, իսկ նրա մրցակից Օլանդը` 28,63 տոկոսի քվեն: «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լե Պենն ստացել է 17,9 տոկոս ձայն, ինչը ռեկորդային է աջ ուղղվածության ուժի համար:
Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո Սարկոզին իր ելույթի մեծ մասը նվիրել է «Ազգային ճակատի» ընտրողների շահերին: Նա ընդգծել է առաջնահերթ թեմաները. պայքար անօրինական միգրացիայի դեմ, անվտանգություն, եվրոպական սահմանների պաշտպանություն, արդյունաբերական արտադրության վերադարձ Ֆրանսիա եւ եվրոպական պրոտեկցիոնիզմ, որը ենթադրում է հավասար պայմանների ներկրվող եւ տեղական արտադրանքների միջեւ:
Նա նաեւ հաստատել է իր ցանկությունը` մայիսի 1-ին «իսկական աշխատանքի» տոն կազմակերպել, դա հակադրելով այն միջոցառումներին, որոնց ավանդաբար մասնակցում են սոցիալիստները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մարի Լե Պենը հրաժարվել է աջակցել Սարկոզիին: «Ես այլեւս չեմ հավատում Սարկոզիի անկեղծությանը»,-հայտարարել է նա, կոչ անելով իր կողմնակիցներին նույնպես չհավատալ գործող նախագահի հայտարարություններին:




























