Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները:
Փարիզի Աստվածամոր տաճարում, ապրիլի 22-ին, մատուցվել է պատարագ հայ նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ եւ հազարավոր հայ եւ օտար հավատացյալներ:
Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել էր զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչեւ 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։
Հիշատակի միջոցառումներ են ընթանում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում, Տուլուզում, Տուլոնում եւ Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական եւ հոգեւոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Կազմակերպվում են տասնյակ բանախոսություներ Հայոց ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ են կայացել նաեւ Նիդերլանդներում:
Ապրիլի 23-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն:
Երթն սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain» հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները, «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսերով եւ ազգային երգերի կատարմամբ քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: Թուրքիայի դեսպանության դիմացի տարածքում փոքր հոգեւոր ծես է կատարվել` ի հիշատակ ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որից հետո ցուցարարները մեկական մոմ են վառել «1,5» խորհրդանշական թվով:
Հնդկահայերը եւս հիշատակել են Հայոց ցեղասպանության զոհերին: Ապրիլի 24-ին հնդկահայ համայնքը, Եկեղեցու վարչությունը, Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները եւ պաշտոնեությունը առավոտյան հավաքվել են Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում` ոգեկոչելու Հայոց մեծ եղեռնի 1,5 միլիոն անմեղ նահատակաց 97-րդ տարելիցը:
Եկեղեցու բակում` Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ` հանդիսապետությամբ հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հով-հաննիսյանի: Ներկաներն աղոթեցին Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար եւ խոնարհվեցին` ծաղիկներ զետեղելով հուշարձանին:
Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1965 թվականին` Մեծ եղեռնի հիսունամյա տարելիցի առիթով:































