Իրանում վթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռը շահագործվել է ոչ թե 15 տարի, ինչպես հաղորդվել էր նախկինում, այլ 22 տարի: Այս մասին, այսօր հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, հավելելով, որ ինքնաթիռը 1987 թվականի արտադրության է եղել: «Caspian Airlines» ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին, իսկ թե դրանից առաջ ով է շահագործել այդ ինքնաթիռը, ինձ հայտնի չէ",- ասել է նա, եւ կրկին հաստատել, որ ինքնաթիռը մոտ մեկ ամիս առաջ ամբողջական տեխզննում է անցել ռուսական Մինվոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո այն պատրաստ էր շահագործվել մինչեւ 2010 թվականը:
«Caspian Airlines»-ի հայկական ներկայացուցչությունում նույնպես չեն կարողացել ասել, թե 1993 թվականից առաջ ով է շահագործել ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ երեկ ՔԱԳՎ պետի տեղակալ Արսեն Պողոսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ ինքնաթիռի սարքավորումները համապատասխանում էին Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (IKAO) չափանիշներին, որ ինքնաթիռի տարիքը 15 տարի է, ինչը նորմալ է նման ինքնաթիռի համար:
Արաբական հեռուստատեսություններից մեկը, հղում անելով մասնագետների վրա, հայտնել է, որ «ՏՈՒ» մակնիշի ինքնաթիռներ օգտագործվում են Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների ավիաընկերությունների կողմից, որոնք «ամենալավ վիճակում չեն» եւ որ այդպիսի ինքնաթիռների տարիքը անցնում է 20-ից, իսկ ժամանակակից «Աերոբուս»-ներ կամ «Բոինգ»-ներ գնելու հնարավորություն այդ ընկերությունները չունեն::



























