Ռուսական էստրադայի վետերան Իոսիֆ Կոբզոնի ձայնը կտրվել է: Իոսիֆ Կոբզոնը ոչ միայն չի կարողանում երգել, նա նաեւ դժվարությամբ է խոսում: Բժիշկներն ամեն ինչում մեղադրում են անհայտ հիվանդությանը, որի պատճառով երգչի ձայնալարերը բառացիորեն կաթվածահար են եղել:  «Ես հիվանդացել եմ: Ձայնս կտրվել է: Բժիշկներն ասում են, որ դա ինչ-որ ալերգիա է: Ինձ հետ նման բան կյանքում չի եղել», - Կոբզոնի խոսքն է մեջբերում NEWS.RIN.ru-ն:

Պետք է նշել, որ ձայնալարերի հիվանդությունն ամենատարածվածն է արտիստների մոտ: Մինչդեռ չար լեզուները պնդում են, որ ձայնի կորուստը կարող էր տեղի ունենալ արտիստի նյարդային լարվածության հետեւանքով, որն առաջացել է Ամերիկայում կայանալիք համերգների հետ կապված խնդիրներից: Կոբզոնի համերգներն ԱՄՆ-ում ձախողման եզրին են:

Մինչդեռ, «Կոմսոմոլսկայա պրավդան» հերքում է տվյալ տեղեկությունները: Թերթը գրում է, որ Իոսիֆ Կոբզոնն անձամբ է զանգահարել  խմբագրություն, որպեսզի հերքի ձայնը կտրվելու մասին լուրերը, եւ այնպես է երգել, որ հեռախոսի թաղանթը չի դիմացել: 

Թղթակցի խնդրանքին  ուղիղ հեռախոսափողի մեջ ինչ-որ բան երգել, Կոբզոնը երգել է. «Ես այս հետաքրքիր աշխարհն եմ եկել…»:
«Բոլոր նրանք, ովքեր գրում են, որ իմ ձայնը կտրվել է, թող չերազեն», - նշել է արտիստը:

Հրատարակչությունը հղում անելով Կոբզոնի մամլո քարտուղարին, նշում է, որ երգչի մոտ սովորական հարբուխ է եղել, սակայն նա արդեն լավացել է եւ Գերմանիայում հաջողությամբ հանդես եկել մենահամերգով: