Շիրակի մարզում, դեռեւս 2011-ի դեկտեմբերին, գիշերօթիկ դպրոցի սան, 10-ամյա աղջնակին բռնաբարած 25-ամյա Վարդան Ղազարյանը NEWS.am-ի տեղեկություններով, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, 138 հոդվածի երրորդ մասով եւ 118 հոդվածի հատկանիշներով: Հիշեցենք, որ գործը քննող քննիչ Էդգար Ալեքսանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 138 հոդվածի`/ բռնաբարություն/ 3-րդ մասով: Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է 14 տարին չլրացած անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով: Քննիչը տեղեկացրել է, որ այդ պահի դրությամբ փորձաքննություններ են նշանակված եւ սպասում են դրանց պատասխանին:
Հարցին, թե երիտասարդը չի՞ ընդունել իր մեղքը, նա արձագանքել էր. «Դա նախաքննության գաղտնիք է: Իսկ փորձաքննություն նշանակվում է բոլոր դեպքերում, անկախ նրանից, մեղքն ընդունում է, թե` ոչ»:
Տեղեկացրել էինք նաեւ, որ աղջկա բնակավայրում շրջանառվող լուրերի համաձայն, շաբաթների ընթացքում Վարդան Ղ-ն երեխայի վստահությունը ձեռք բերելուց հետո հրավիրել է մի կիսակառույց շենք եւ բռնաբարել: Իսկ սոցապ նախարարության լրատվական վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատելով տեղեկատվությունը, ասել էր. «Գործող կարգի համաձայն, ծնողները իրավունք ունեն իրենց երեխաներին շաբաթ եւ կիրակի օրերին տանել տուն: Գրանցամատյանում գրանցված է, որ աղջկան ծնողը եկել եւ տարել է տուն: Այսինքն` դեպքը տեղի է ունեցել գիշերօթիկ դպրոցի տարածքից դուրս, սակայն երեխային հետ են բերել հաստատություն: Նրա հետ հոգեբան է աշխատում եւ ներկա պահին աղջիկը գտնվում է նորմալ վիճակում»:




























