Երեկ ժամը 5:30-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերության արտադրական տարածքում: Այդ մասին գրում է «Հայացքը»:

«Թեեւ մի շարք անձինք տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, սակայն պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել: Այրվածքներ ստացած աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել են «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

4 անձանցից 2-ի վիճակը ծանր է, նրանք հիշյալ կենտրոնի վերակնդանացման բաժանմունքում էին:  2-ի վիճակը միջին ծանրության է: Նախնական տեղեկություններով` բոլորի մոտ առկա են 2-4-րդ աստիճանի այրվածքներ:

Վերոնշյալ ՍՊԸ-ի ղեկավարությունը մինչ երեկվա դեպքը փորձում էր հավաստիացնել, թե  «հատուկ ուշադրություն է դարձվում աշխատողների անվտանգության, առողջության եւ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը»: Հիմա թերեւս արդեն պարզ է, թե անվտանգությանն ինչպիսի ուշադրություն է դարձվում:

- Այդ ընկերությունը մի քանի տարի է, ինչ մեզ մոտ փորձաքննություն չի անցել, մասնավոր ընկերություններում է անցել, իրենք գիտեն, թե ինչպես,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը»,- գրում է «Հայացք» թերթը: