Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որտեղ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել են 2012 թ. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության նախապատրաստման վերաբերյալ:

Մասնավորապես, ներկայացվել է Համակարգող ազգային հանձնաժողովի կողմից  «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի  մշակման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փաստաթղթի մշակման գործում  ներգրավված են եղել թեմատիկ աշխատանքային խմբեր եւ փորձագետներ, անցկացվել են հանրային լսումներ եւ քննարկումներ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Արդյունքում ստեղծվել է համապարփակ ազգային զեկույց, որում ներկայացված են Հայաստանի կայուն զարգացման ուղիներն ու հեռանկարները:

Հաջորդ հարցով խորհրդի քարտուղար Կարինե Դանիելյանը ներկայացրել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի  նախագիծը: Զեկույցում հանգամանորեն  խոսվում է վերջին տասնամյակում կայուն զարգացման ապահովմանը միտված ձեռնարկումների, պետական կառույցներ - քաղաքացիական հասարակության համագործակցության եւ «Կանաչ տնտեսության» մասին: Անդրադարձ է արվում հիմնական ձեռքբերումներին, ինչպես նաեւ համաշխարհային, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում առկա մարտահրավերներին: Ծավալված մտքերի շահագրգիռ փոխանակության ընթացքում հնչեցվել են մի շարք հարցադրումներ փաստաթղթում արծարծված խնդիրների վերաբերյալ: Խորհուրդը հաստատել է զեկույցի նախագիծը` հանձնարարելով լրամշակել այն արված դիտողություններով:

Նիստում անդրադարձ է եղել «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները: Վարչապետ Սարգսյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել` հարցի առնչությամբ խորհրդի անդամների հարցադրումները քննարկելու նպատակով:

Արծարծվել են նաեւ «Ռիո+20» համաշխարհային գագաթնաժողովին հայկական պատվիրակության մասնակցությանը վերաբերող կազմակերպչական հարցեր: