Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան եւ կուսակից Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, թե իր եւ իր պաշտպանյալի միջեւ անհնար են սեռական հարաբերությունները: Այդկերպ նա արձագանքել է ինտերնետում հայտնված սադրիչ հոլովակին, որտեղ իբր համբուրում է իր կուսակցության ղեկավարին մեկուսարանի խցում:
«Յուլյա Վլադիմիրովնան իմ քաղաքական կուսակցության առաջնորդն է, բայց այսօր, ցավոք, կուսակցական գործունեության փոխարեն ստիպված եմ լինել նրա պաշտպանը քրեական գործերով»,- ասել է Վլասենկոն:
Նա իր հարաբերությունները Տիմոշենկոյի հետ բնորոշել է որպես փաստաբանի եւ պաշտպանյալի հարաբերություններ` ընդգծելով, թե անձնական հարաբերություններ չկան, հաղորդում է НБН-ը:
Փաստաբանը հավելել է. «Եթե անկեղծ, ես չեմ ցանկանում այդ ամենը քննարկել: Սկսելով փորփրել` մենք կանենք այն, ինչ մտադրվել են այդ սադրանքի հեղինակները` հասարակության ուշադրությունը շեղել ծեծի փաստից»:
Նշենք, որ ինտերնետում հայտնվել էր տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է Տիմոշենկոյին շատ նման կինը շրջում խցում եւ համբուրվում փաստաբանի հետ: Տիմոշենկոյի կողմնակիցները տեսագրությունը սադրանք էին որակել:




























