Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ճյուղերից՝ ճշգրիտ ճարտագիտության բնագավառում գործունեություն իրականացնող հայ-շվեյցարական «ԱՍՏՐԱ» ընկերություն: Այն իրականացնում է կարծր համաձուլվածքից բարձր ճշգրտությամբ ֆրեզների եւ գայլիկոնների արտադրություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին եւ զարգացման ծրագրերին:

Տեղեկացվել է, որ ընկերությունը հագեցած է ժամանակակից եվրոպական սարքավորումներով, ինչի շնորհիվ նրա արտադրանքը կիրառվում է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էլեկտրոնային, բժշկության, ժամագործության,  ոսկերչության եւ այլն: Արտադրանքի համար նախատեսված հումքը ձեռք է բերվում այնպիսի հանրաճանաչ ընկերություններից, ինչպիսիք են՝ Konrad Friedrichs-ը, Sandvik-ը, Plansee Tizit-ը, Hard Mettal-ը եւ այլն:

Ընկերությունը 2011 թվականին թողարկել է մոտ 34.5 մլն դրամի արտադրանք` նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 132.7 տոկոս աճ, իսկ իրացումը կազմել է 31 մլն դրամ, որից մոտ 8 մլն-ն արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 13 մարդ:

«ԱՍՏՐԱ» ձեռնարկության հիման վրա 2011-ին հիմնադրվել է նաեւ «Աստրա Կրիստալս» ընկերությունը: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է այստեղ կազմակերպել տեխնիկական բյուրեղների աճեցում եւ վերամշակում, ինչպես նաեւ տեխնիկական սապֆիրի մաքուր հումքի տեղական արտադրություն:

Արտադրության կազմակերպման համար ընկերությունը կառուցում է նոր գործարան, որը հագեցած է լինելու ռուսական եւ չինական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, ինչը թույլ կտա արտադրական առավելագույն հզորությունը հասցնել ամսական մոտ 2 տոննա բյուրեղի եւ 3 տոննա մաքուր հումքի: Առաջնային հումքի ձեռքբերումը կիրականացվի Չինաստանից եւ ԱՊՀ երկրներից: Վերջնական արտադրանքի կիրառման ոլորտները շատ լայն են արտաքին շուկայում: Ընկերության հիմնական ուղղվածությունը լինելու է լուսադիոդային շուկան, որն ապահովում է աշխարհում արտադրված տեխնիկական սապֆիրի սպառման զգալի մասը: Նախատեսվում է նաեւ իրագործել լազերային եւ օպտիկական էլեմենտների մշակում, բազմաթիվ տեսակների հատուկ կիրառման պատուհանների պատրաստում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում գործարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 9 մլն դոլար:

Գործարանի շինարարությունը ներկայումս ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է մինչեւ 2012թ. հունիս: Արդեն ընթացիկ տարվա օգոստոսին  նախատեսվում է կազմակերպել ամսական 1 տոննա թողունակությամբ արտադրություն, որից հետո 9 ամսվա ընթացքում սարքավորումների համալրման արդյունքում հզորությունը կրկնապատկվի:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի առնվազն 20 աշխատատեղ` մոտ 180 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ արտադրանքը նախատեսվում է իրացնել Չինաստանի, Ռուսաստանի եւ ԵՄ երկրներում:

Ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի երեք տարի ժամկետով հետաձգման թույլտվություն ստանալու նպատակով ընկերությունը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը: