ԱՄՆ-ի Քալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքում, ապրիլի 24-ին, 57 տարեկան հասակում մահացել է «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա լրագրող Արմեն Դիլանյանը, հաղորդում է «Ազատությունը»:

Նա եղել է «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի հիմնադիրներից, գրասենյակում աշխատել է 1992-94 թվականներին, ապա վարել «Ազատություն» ռադիոկայանի առաջին ռեպորտաժները նորանկախ Հայաստանում տեղի ունեցող ամենաառանցքային իրադարձությունների վերաբերյալ։

1994 - 1995 թվականներին Արմեն Դիլանյանը աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի Մյունխենի, իսկ 1995-2006 թվականներին` Պրահայի կենտրոնակայանում։

Վերջին տարիներին Արմեն Դիլանյանն ապրել ու աշխատել է ԱՄՆ-ում, տարբեր հեղինակային հաղորդումներ ունեցել տեղի հայկական հեռուստաալիքներում: