Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանի (ՀՀԿ) նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որտեղ կոչ է անում իր կողմնակիցներին չտրվել սադրանքներին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն հոգնել են ինչպես մրցակցիս ամենօրյա դիմում-բողոքների, գանգատների եւ հայտարարությունների, այնպես էլ դրանց՝ իմ կողմից պարտադրված պատասխանների վերաբերյալ հաղորդագրություններից եւ գրառումներից: Իմ մասով սա վերջին նմանատիպ գրառումն է:
Պարտավոր եմ խոստովանել, որ էապես չափազանցված դուրս եկան իմ նախնական տպավորություններն ու պատկերացումները մրցակցիս՝ Վլադիմիր Կարապետյանի մասին, որոնք ձեւավորվել էին մեր հանդիպումների, շփումների եւ միջնորդավորված երկխոսության ընթացքում: Արդեն իսկ ակնհայտ է, որ հասու բոլոր միջոցներով՝ մամուլում եւ սոցցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, սուտը, կեղծիքը, վարկաբեկիչ հրապարակումներն ու անձնական վիրավորանքները, անհանդուրժողականություն սերմանող հրապարակումները, իսկ վերջին օրերին նաեւ սադրանքներն ու զրպարտությունն են կազմում այն ողջ զինանոցը, որով մրցակիցս պատասխանում է օրինակելի եւ քաղաքակիրթ ընտրապայքար տանելու իմ նախաձեռնություններին եւ հանդուրժողականության կոչերին:
Դատապարտելով ընտրական գործընթացի որեւէ խախտում կամ շեղում, ում կողմից էլ այն թույլ տրվի կամ տրված լինի՝ կոչ եմ անում ընտրական գործընթացի բոլոր դերակատարներին, այդ թվում` նախընտրական քարոզչության մեջ ներգրավված իմ բոլոր աջակիցներին, չտրվել սադրանքների, անուշադրության մատնել վիրավորական եւ զրպարտիչ որեւէ հայտարարություն` ցուցաբերելով զգոնություն ու սառնասրտություն:
Սույն հայտարարությամբ նաեւ կոչ եմ անում համապաստախան մարմիններին ձեռնարկել հնարավորը մրցակցիս եւ իմ՝ ընտրողների հետ բակային եւ այլ ձեւաչափերով հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ՝ բացառելու հնարավոր որեւէ սադրանք»:




























