Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը կարող է կայանալ 2010թ. սկզբին: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Մինչեւ Նոր տարի չափազանց քիչ ժամանակ է մնացել, կարծում եմ՝ մենք չենք հասցնի նախապատրաստել նախագահների հանդիպումը մինչեւ դեկտեմբերի վերջ»,- ասել է Մերզլյակովը:

Ռուսաստանցի համանախագահի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ այցելելու են Ադրբեջան եւ Հայաստան: «Կողմերի հետ հանդիպմանը շարունակվելու են Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակի շուրջ քննարկումները»,- ասել է համանախագահը: