Ես չեմ պայքարել ՀԱԿ-ի կամ Ստեփան Դեմիրճյանի համար ու չեմ պատրաստվում պայքարել քաղաքական ուժերի համար, դա եղել է իմ պայքարը, ես դա արել եմ ինձ համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, լրագրող Գոհար Վեզիրյանը՝ անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Կարեն Քոչարյանի գրառմանը, որ մինչ «Տիգրան Տեր-Պետրոսյանը Դուբայում կայֆավատ էր լինում, Գոհար Վեզիրյանը քյալլա էր տալիս ՀԱԿ-ի հետ»:

«Ես ունեցել եմ քաղաքացիական ակտիվություն, համարձակություն, այնպես է ստացվել, որ այդ ժամանակ կենտրոնում եղել է ՀԱԿ-ը, որը պայքարում էր Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների համար,  ես էլ ՀԱԿ-ի հետ ՀԱԿ-ի շրջանակներում պայքարել եմ լավ Հայաստան ունենալու համար: Ես քյալլա եմ տվել լավ Հայաստան ունենալու համար եւ շարունակելու եմ քյալլա տալ լավ Հայաստան ունենալու համար՝ կապ չունի քաղաքական ընդդիմություն ՀԱԿ-ն է, թե` ոչ»,- նշեց նա:

Իսկ թե ինչու նա չի պայքարել «Ժառանգության» հետ միասին, պատգամավորության թեկնածուն նշեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ հացադուլ է արել, ինքն առողջություն չի ունեցել նրա հետ հացադուլ անելու: «Այլ քաղաքացիական դրսեւորում ես չեմ տեսել, որ գնայի միանայի»,- նշեց Գոհար Վեզիրյանը:

Անկախ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ լրագրողը շարունակելու է մնալ անկուսակցական, որովհետեւ չի տեսնում այն քաղաքական ուժը, որի շրջանակներում կկարողանա իրականացնել այն սկզբունքներն ու ծրագրերը, որի կրողն է ինքը:

Նշենք, որ ապրիլի 25-ին թրիվ 12 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանը բողոքի դիմում էր ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, նշելով, որ իր մրցակիցներ Գոհար Վեզիրյանն ու Լյովա Խաչատրյանը (ԲՀԿ) իրենց պաստառները փակցնում են արգելված վայրերում:

Այս առնչությամբ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքում գրել էր. «Ուշադրություն: Տիգրան Տեր-Պետրոսյանը «գործ է տալիս» Գոհար Վեզիրյանի վրա: Այն Գոհար Վեզիրյանի, ով պայքարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի համար: հետաքրքիր է որտեղ էր Տիգրան Տեր-Պետրոսյանը, երբ Գոհար Վեզիրյանը Կորյունի փող. վրա ոստիկանների հետ բառիս բուն իմաստով քյալլա էր տալիս: Չար լեզուներն ասում են, որ այդ ժամանակ Տիգրանը Դուբայում կայֆավատ էր լինում: Խորհրդային տարիներին «Իզվեստիա» թերթում մի հոդված տպագրվեց. «Армянское гостепреимство и русское спасибо»: Այս պատմությունը կարելի է անվանել Գոհարի պայքարը եւ ՀԱԿ-ի շնորհակալությունը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի