Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի Վանաձոր այցով պայմանավորված, քաղաքում «կարկատում են» փողոցները, գործարկվել են շատրվանները, միկրոավտոբուսներին պարտադրել են բնակչությանը սպասարկել անվճար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Այսօր` ապրիլի 27-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում ժամանելու է Վանաձոր:
Վանաձորում արդեն ներքաղաքային միկրոավտոբուսների վարորդները բողոքում են, որ այցի կապակցությամբ ստիպված են ժամը 15:30-ից հետո ուղեւորներին սպասարկել անվճար:
Բացի այդ Հանրապետական կուսակցության դրոշները փակցված են Տարոն թաղամասից մինչեւ Տավրոս թաղամասերի, Բաղրամյան փողոցի էլեկտրասյուների վրա:
Արդեն երկու օր է մինչեւ ուշ երեկոյան «կարկատան» են արվում քաղաքի կենտրոնական փողոցների անբարեկարգ հատվածները: Թարմացվել են փողոցների գծանիշերը: Փակվել են բաց դիտահորերը:
Գործարկվել են Հայքի հրապարակի շատրվանները, աղբից մաքրվել են քաղաքի կենտրոնական փողոցները:
Եվ այս ամենը պայմանավորված է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այցով»:




























