Հայաստան է ներկրվելու «Տամիֆլյու» դեղամիջոցի եւս 20 հազար բաժին: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Ընդ որում, նա կոչ արեց բնակչությանը խուճապի չմատնվել, քանի որ գրիպի տարածման իրավիճակը վերահսկողության տակ է: «Բոլոր բժշկական հաստատություններն աշխատում են շուրջօրյա, պոլիկլինիկաներն ապահովված են „Տամիֆլյուի“ անհրաժեշտ քանակությամբ, որ անհրաժեշտության դեպքում տրվելու են հիվանդներին»:

Քուշկյանը նաեւ նշել է, որ մեկ-երկու ամիս անց գրիպի տարածման միտումը կնվազի: Ըստ նախարարի՝ Հայաստանում բացի «խոզի գրիպից» «մոլեգնում» են նաեւ սովորական սեզոնային գրիպներն ու սուր վարակիչ հիվանդությունները: Նշենք, որ այսօրվա դրությամբ, Հայաստանում կա «խոզի գրիպով» 49 հիվանդ: