Հայաստանում առցանց խաղատների խաղադրույքների ծավալը վերջին 8 տարում աճել է ավելի քան 35 անգամ։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Շահումով խաղերի կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։
Ըստ պատգամավորի ներկայացրած տվյալների՝ եթե 2017 թվականին օնլայն կազինոներում կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր 0,2 տրիլիոն դրամ, ապա 2025-ին այդ ցուցանիշը հասել է 7,4 տրիլիոն դրամի։
«Առցանց կազինոները դարձել են չարիք ու աղետ մեր ժողովրդի համար»,- հավելել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ ծախսում են իրենց միջոցները՝ տառապելով խաղամոլությունից։ «Անկախ գտնվելու վայրից՝ 24- ժամյա հասանելիություն ունենալով օնլայն կազինոներից կախվածությունից քաղաքացիները չեն կարողանում ազատվել։ Մարդիկ ամեն օր վատնում են իրենց աշխատած գումարները, կենսաթոշակը, նպաստը։ Պարտված գումարները հետ բերելու նպատակով՝ պարտքեր ու վարկեր են կուտակում, դրանք նույնպես պարտվելով էլ ավելի են ծանրացնում իրենց ֆինանսական կրիտիկական վատ վիճակը։ Ստեղծված պայմաններում ԱԺ-ն պարտավոր է կանխարգելիչ գործիքներ կիրառել, առավելագույնս սահմանափակելով ինտերնետ կազինոների մասնակցությունը այն անձանց համար, ովքեր այլևս չեն ցանկանում խաղալ, բայց չեն կարողանում հետ կանգնել այդ կախվածությունից և գտնվում են սոցիալական ծանր վիճակում»,- ասել է պատգամավորը։
Օրենսդրական փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ. բոլոր առցանց խաղատները պետք է իրենց կայքերում և հավելվածներում տեղադրեն ինքնաարգելափակման կոճակ, ընդ որում՝ տեսանելի և հասանելի վայրում։ Այդ կոճակը սեղմելուց հետո քաղաքացուն կարգելվի խաղալ առցանց խատատներում հինգ տարի ժամկետով՝ առանց սահմանափակումը վաղաժամկետ չեղարկելու հնարավորության։ Այդ ժամկետը լրանալուց հետո արգելափակումն ինքնաշխատ կերպով կերկարաձգվի ևս հինգ տարով, եթե ժամկետի ավարտից հինգ օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի սահմանափակումը հանելու մասին։
«Անձի ինքնաարգելափակման տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին և կկասեցվի նրա մասնակցությունը նաև մյուս խաղային խաղային օնլայն կազինոներում և հարթակներում»,- պարզաբանել է պատգամավորը։
Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է արգելել նաև նպաստառուների, թոշակառուների, սնանկացման փուլում գտնվող քաղաքացիների, ինչպես նաև Կառավարության կողմից ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի մասնակցող անձանց մասնակցությունը:
Ավելին, նա առաջարկել է սահմանել առցանց խաղերին մասնակցելու սահմանաչափ՝ տարեկան հայտարարագրված եկամտի 20%-ի չափով:
Կառավարության ներկայացուցիչները հավանություն են տվել փոփոխություններին։ Դրանք նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից՝ խաղային օպերատորի ինստիտուտի ներդրումից հետո:
Բավական երկար քննարկումներից հետո որոշվել է օրենսդրական նախաձեռնության դիտարկումը տեղափոխել վաղը: Նույն օրը խորհրդարանական մշտական հանձնաժողովը կտա իր եզրակացությունը:





























