ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի միջին գինը հասել է 4,23 դոլարի։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։
Ամենաբարձր գինը գրանցվել է Կալիֆոռնիա նահանգում, որտեղ մեկ գալոնն արդեն արժե շուրջ 6 դոլար։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկզբից ի վեր Միացյալ Նահանգներում բենզինը թանկացել է 40%-ով։
NBC News-ի հարցված փորձագետները չեն բացառում, որ մոտ ժամանակներս բենզինի միջին գինը կհասնի 4,5 դոլարի։ Վառելիքի թանկացման հիմնական պատճառը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումն է։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թեհրանը որոշել է փակել Հորմուզի նեղուցն այն նավերի համար, որոնք կապված են այդ երկրների կամ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիային աջակցող պետությունների հետ։ Մարտի 25-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ իրենց երկիրը թույլատրել է նեղուցով անցնել բարեկամ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի նավերին։




























