Իրանի հետ պատերազմի իրական արժեքը գերազանցում է Պենտագոնի նշած 25 միլիարդ դոլարը։ CNN-ը պարզել է, որ պաշտոնական թվերում բացակայում են ավերված ռազմաբազաների վերանորոգման ծախսերը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ իրական թիվը մոտ է 40-50 միլիարդ դոլարին, եթե հաշվի առնվեն ռազմական օբյեկտների վերականգնման և ոչնչացված գույքի փոխարինման ծախսերը։ CNN-ը հիշեցնում է, որ պատերազմի առաջին օրերին Իրանի պատասխան հարվածները տարածաշրջանում զգալի վնաս են հասցրել ԱՄՆ առնվազն ինը ռազմական օբյեկտների։

ԱՄՆ պաշտպանության նախարարի ֆինանսների հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերստը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով կոմիտեում, հայտարարել է, որ իր նշած 25 միլիարդ դոլարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։ Հեռուստաալիքն ընդգծում է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրաժարվել է հստակեցնել, թե արդյոք այդ թիվը ներառում է բազաների վերանորոգման ծախսերը։

Հերստի խոսքով՝ Պենտագոնը դեռևս չի կարող նշել արտերկրում գտնվող օբյեկտներին հասցված վնասի վերջնական չափը։ Այդ օբյեկտների վերանորոգման ծախսերը ներառված չեն Պենտագոնի 2027 ֆինանսական տարվա բյուջետային հայտում։ Այն կազմում է 1,5 տրիլիոն դոլար և 42% աճ է նախատեսում ռազմական գերատեսչության ֆինանսավորման համար։

CNN-ի տեղեկություններով՝ ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ միայն պատերազմի առաջին վեց օրերի ընթացքում ծախսերը կազմել են մոտ 11 միլիարդ դոլար։