Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ապրիլի 30-ի նիստում մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Սամվել Կարապետյանի՝ հոր գերեզմանին այցելելու խնդրանքը։

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որով առաջարկվում էր ժամանակավորապես փոխել խափանման միջոցը՝ տնային կալանքից վարչական հսկողության։ Դատավորը նշեց, որ այս երկու միջոցներն իրարից խիստ տարբերվում են, և միջնորդությունը բավարարելու համար չկան համապատասխան իրավական հիմքեր։

Սարգիս Կարապետյանի մահվան տարելիցը մայիսի 7-ին է։ Նա հուղարկավորված է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում։

Հատկանշական է, որ սա նույն թեմայով այսօր ներկայացված արդեն երկրորդ միջնորդություն-խնդրանքն էր։ Առաջինի ժամանակ փաստաբան Արամ Վարդևանյանը խնդրել էր թույլ տալ այցելությունը՝ փաստաբանների և ոստիկանների ուղեկցությամբ։ Թեև դատավորը նշել էր, որ զուտ մարդկային տեսանկյունից հասկանում է իրավիճակը, սակայն պնդել էր, որ նման ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ Դա պաշտպանական կողմին հույս էր ներշնչել, որ նոր ձևակերպմամբ միջնորդությունը կբավարարվի, սակայն դատարանը կրկին մերժողական որոշում կայացրեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 12-ին՝ ժամը 14:00-ին: