Ժամանակակից աշխարհում արտադրողականության աճի բարձրացման ամենահզոր ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն է, որը ներխուժել է բոլոր ճյուղերի մեջ: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է «Նորարություն, մրցունակություն եւ տնտեսական աճ» թեմայով համաժողովի ընթացքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ-ն վերջին տարիների ընթացքում մեր երկրում դինամիկ զարգացում է ապրում, վարչապետ հույս է հայտնել, որ նրա ներուժը կօգտագործվի տնտեսության բազմաթիվ ճյուղերում:
«Միաժամանակ, մրցունակ լինելու համար պետք է ունենանք մրցունակ կրթական համակարգ: Մենք պետք է կառուցենք գիտելիք-բուհական համակարգ-արտադրություն շղթան: Դա նշանակում է, որ համագործակցությունը կրթական հաստատությունների հետ ունենալու է էական նշանակություն: Այն պետությունները, որոնք կկարողանան կառուցել արդյունավետ կրթական համակարգ՝ հնարավորություն կստանան ապահովել իրենց մրցունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը համաժողովի ընթացքում ներկայացրել է Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը, որը գործարկվել է ապրիլի 28-ին: Էլեկտրոնային կառավարման նոր գործիքը հնարավորություն կտա քաղաքացիներին իրենց պետական վճարումները կատարել էլեկտրոնային եղանակով եւ բանկային Arca ու Master քարտերի միջոցով:
«Ընդհանուր առմամբ համակարգում ներառված են 1500 տեսակի վճարումներ՝ տուգանքներ, պետական տուրքեր, ծառայությունների վճարներ եւ այլն: Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետարանները եւս իրենց տեղական վճարումները կկազմակերպեն այս համակարգով»,- ասել է Դավիթ Սարգսյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այս համակարգի ներդրման արդյունքում էապես կնվազեն նաեւ գանձնվող միջնորդավճարները. օրինակ 2-3 հազար դրամանոց վճարման դեպքում որպես միջնորդավճար քաղաքացուց կգանձնվի ընդամենը 8-10 դրամ:
Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը քաղաքացիներին հասանելի կլինի e-payments.am հասցեով:
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցչությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:



























