Եվրահանձնաժողովի՝ կլիմայի և էներգետիկայի հարցերով արտաքին խորհրդատուների վրա կատարվող ծախսերը 2014 թվականից աճել են ավելի քան 400%-ով, հայտնել է բրիտանական Financial Times թերթը։
Թերթի տվյալներով՝ ԵՀ-ն 2014 թվականից արտաքին խորհրդատվության վրա ծախսերն ավելացրել է 173%-ով՝ հասցնելով €1,45 մլրդ-ի։ Միևնույն ժամանակ, կլիմայական և էներգետիկ հարցերով փորձագետների վրա ծախսերն աճել են 433%-ով՝ մինչև €127 մլն։
Թերթը գրում է, որ արտաքին խորհրդատուների ներգրավումը նախադրյալներ է ստեղծում շահերի բախման և լոբբինգի համար։ Պարբերականը որպես օրինակ բերում է ամերիկյան Guidehouse խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է էներգետիկայի ոլորտում։ 2020-ից մինչև 2024 թվականը ԵՀ-ն նրա հետ կնքել է առնվազն 11 պայմանագիր՝ ԵՄ ջրածնային հատվածի վերլուծություն իրականացնելու և համայնքի «Ջրածնային բանկը» ստեղծելու համար, որի միջոցով վերջին երեք տարում այս ոլորտի զարգացման համար հատկացվել է ավելի քան €2 մլրդ։ Այս նախագծի քննադատներն ընդգծել էին, որ ջրածնային նախագծերի զարգացման համար չափազանց շատ գումար է հատկացվում՝ ի վնաս ածխածնազերծման ավելի արդյունավետ մեթոդների։ Բացի այդ, Guidehouse-ի աշխատակիցները 2017-ից մինչև 2024 թվականը մասնակցել են ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ 16 հանդիպման։
FT-ի հարցմանը պատասխանելով՝ Եվրահանձնաժողովը նշել է, որ արտաքին փորձագետների ներգրավման մեջ իր համար «ոչ մի անսովոր բան չկա», ինչպես նաև ընդգծել է, որ իրականացնում է «շահերի բախման առնչությամբ խիստ ստուգումներ»։





























