Վրաստանի ազգային բանկը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ մինչև 8,25%։ Այս մասին հայտնել է կարգավորողի մամուլի ծառայությունը։
«Մերձավոր Արևելքում սրված աշխարհաքաղաքական իրավիճակի և Հորմուզի նեղուցով փոխադրումների ոլորտում երկարաձգված խափանման պատճառով ձևավորվել է գլոբալ գնաճային շոկ։ Միջազգային շուկաներում հում էներգակիրների գների կտրուկ աճն արդեն իսկ անդրադարձել է համաշխարհային գնաճի աճի վրա։ Միաժամանակ աշխարհաքաղաքական իրավիճակը խոչընդոտում է միջազգային փոխադրումներին և մեծացնում մատակարարման շղթաների խաթարման ռիսկերը։ Իսկ դա, իր հերթին, հանգեցնում է արտադրական շղթաների թանկացման, ինչը կարող է դառնալ գնաճի լրացուցիչ աղբյուր», - ասվում է Ազգային բանկի հաղորդագրությունում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառների մասին։
Նավթի թանկացումն արդեն իսկ անդրադարձել է նաև Վրաստանի վառելիքի շուկայի վրա։ Նշված ազդեցության հետևանքով գնաճը գերազանցել է սահմանված 3% թիրախային ցուցանիշը և ապրիլին կազմել 5,9%, հավելել են Ազգային բանկում։
Դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը, որի ընթացքում կքննարկվի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը, տեղի կունենա հունիսի 17-ին։




























