Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադները ձեռնամուխ են եղել կիսակառույց կրպակների ապամոնտաժմանը: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ապամոնտաժող բրիգադին հորդորում էր անօրինականությունների չդիմել ոստիկանների նկատմամբ եւ ակցիան չվերածել բախումների։ Չնայած դրան` ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ քաշքշուկ  տեղի ունեցավ:  Ոստիկանների հետ առաջին բախման արդյունքում ապամոնտաժող բրիգադի անդամները կարողացան անցնել ներս, սակայն ոստիկանները կրկին նրանց դուրս հանեցին։ Երկաթե ճաղավանդակները քաշքշելու ժամանակ վնասվել է ակտիվիստներից մեկի ձեռքը։

Մինչ ապամոնտաժողները փորձում էին մոտենալ տաղավարներին, երիտասարդ ակտիվիստները հեռվից կանգնած վանկարկում էին` «Ա–պա–մոնտաժում», «Այ–գին մեր–ն է» եւ պուրակում վրան էին տեղադրում: Նրանք ասում են, որ անցնում են ակցիաների շուրջօրյա ռեժիմի: Ոստիկանական մի խումբ փորձում էր արգելել նրանց: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց հանել եւ տանել վրանը: Ակտիվիստները սկսել են տեղադրել երկրորդ վրանը:

Ակտիվիստներից մեկին` Վահագն անունով, տարել են ոստիկանության բաժին` դիմադրություն ցույց տալու համար, սակայն հետո բաց են թողել ու նա միացել է ընկերներին:

Մաշտոցի պուրակում են նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում գրանցված Կարապետ Ռուբինյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ այլք։