Վաշինգտոնն ու Պեկինը նախատեսում են արհեստական բանականության (ԱԲ) հարցը ներառել ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի առաջիկա հանդիպման օրակարգում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես նշվում է, կողմերը ցանկանում են քննարկել ԱԲ-ի անկանխատեսելի վարքագծի հետ կապված ռիսկերը, ինքնավար ռազմական համակարգերի կիրառումը և հարձակումներ իրականացնելու նպատակով բաց կոդով հզոր մոդելների օգտագործումը։ Ըստ պարբերականի՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ առավել հզոր ԱԲ մոդելների ստեղծման մրցավազքը կարող է հանգեցնել այնպիսի ճգնաժամի, որի հաղթահարումը վեր կլինի երկու երկրների հնարավորություններից։
ԱԲ-ն գագաթնաժողովի օրակարգում ներառելու վերջնական որոշումը կկայացնեն Ամերիկայի առաջնորդը և Չինաստանի նախագահը, ընդգծել է պարբերականը։ Թերթը հիշեցնում է, որ 2023 թվականին Սի Ծինփինը և այդ պահին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենը պայմանավորվել էին երկու երկրների միջև երկխոսություն վարել արհեստական բանականության հարցերի շուրջ, իսկ 2024 թվականին Պերուում կայացած հանդիպմանը նրանք համաձայնության էին եկել միջուկային զենքի ոլորտում ԱԲ-ի նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանման անհրաժեշտության շուրջ։ Թրամփի վարչակազմի օրոք արհեստական բանականության թեմայի վերադարձը վկայում է այն մասին, որ կողմերը գիտակցում են այս տեխնոլոգիայի պարունակած ռիսկերը։ Նրանք հասկանում են, որ դրանք պահանջում են բարձրագույն մակարդակով քննարկումներ, եզրակացնում է The Wall Street Journal-ը։
Սպիտակ տան ղեկավարի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 14-15-ը։




























