ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատություն նախագիծ» առաքելության կարճաժամկետ կասեցման մասին։ Դե տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան արգելել է նրան այդ նպատակով օգտագործել իր ռազմաբազաներն ու օդային տարածքը։ Թագավորությունը վրդովվել է, որ նախապես չի տեղեկացվել առաքելության մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների։

«Թրամփը անակնկալի է բերել Պարսից ծոցի դաշնակիցներին՝ կիրակի կեսօրին (տեղական ժամանակով) սոցցանցերում հայտարարելով «Ազատություն նախագիծ» առաքելության մասին, ինչը հարուցել է Սաուդյան Արաբիայի ղեկավարության զայրույթը։ Ի պատասխան՝ թագավորությունը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ թույլ չի տա ամերիկացի զինվորականներին թռիչքներ իրականացնել Էր-Ռիադից հարավ-արևելք գտնվող «Արքայազն Սուլթան» բազայից կամ անցնել սաուդյան օդային տարածքով»,- հայտնում է հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հեռախոսազրույցը չի լուծել խնդիրը։ Դրանից հետո նախագահը ստիպված է եղել դադարեցնել առաքելությունը՝ ԱՄՆ-ի համար կենսական կարևորություն ունեցող օդային տարածքի հասանելիությունը վերականգնելու նպատակով։

Սաուդյան Արաբիայում գտնվող աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ թագաժառանգն ու Թրամփը կանոնավոր կերպով կապ են պահպանում, սակայն նշել է, որ ԱՄՆ-ի այս գաղափարի հետ կապված խնդիրն այն էր, որ «իրադարձությունները չափազանց արագ են զարգանում»։ Սպիտակ տան պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները նախապես տեղեկացված են եղել այդ մասին։

Մերձավորարևելյան երկրներից մեկի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը չի համակարգել «Ազատություն նախագիծ» առաքելությունը օմանցիների հետ։