Էներգետիկ հսկա TotalEnergies-ի ղեկավար Պատրիկ Պույանեն հաջորդ ամիս կկանգնի Ֆրանսիայի խորհրդարանի ֆինանսների կոմիտեի առջև: Ինչպես երեքշաբթի հայտնել է կոմիտեի ղեկավարը, Պույանեն պետք է պատասխանի խմբի հսկայական շահույթների վերաբերյալ կոշտ հարցերին, որոնք ստացվել են Մերձավոր Արևելքում պատերազմի ժամանակ, հայտնում է AFP-ն:
Ընկերությունը հայտնվել է այն մի քանի նավթագազային ընկերությունների թվում, որոնց հասցեին ավելի ու ավելի հաճախ են հնչում գերշահույթի հարկ (windfall tax) սահմանելու կոչեր՝ սպառողներին վառելիքի բարձր գների պատճառած վնասը փոխհատուցելու համար:
«Քանի որ Total-ի հարկման հարցը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, ես որոշում եմ ընդունել կանչել պարոն Պատրիկ Պույանեին՝ ֆինանսների կոմիտեի առջև ելույթ ունենալու համար: Լսումները տեղի կունենան հունիսի 17-ին»,- X սոցիալական ցանցում գրել է հանձնաժողովի նախագահ Էրիկ Կոկերելը, որը ներկայացնում է ծայրահեղ ձախ «Անպարտելի Ֆրանսիա» կուսակցությունը:
AFP-ին տված առանձին մեկնաբանության մեջ Կոկերելը հավելել է, որ Total-ի հարկերի հարցը, որը 2025 թվականին զրո եվրո է վճարել որպես շահութահարկ, ինչպես նաև իրենց կողմից բարձրացվող գների սահմանափակման հարցը, չափազանց արդիական են:
Ըստ Կոկերել՝ նա «դրական» պատասխան է ստացել Պույանեից: TotalEnergies-ի ղեկավարն արդեն բազմիցս մասնակցել է խորհրդարանում և սենատում լսումներին 2022 թվականի էներգետիկ ճգնաժամից ի վեր, որն առաջացել էր Ուկրաինայում պատերազմի պատճառով և անդրազգային նավթային ընկերություններին օգնել էր ռեկորդային շահույթներ կուտակել:
Այս տարի TotalEnergies-ը և մի շարք այլ խոշորագույն էներգետիկ ընկերություններ առաջին եռամսյակում շահույթի կտրուկ աճ են գրանցել: Total-ի դեպքում այն թռիչք է կատարել 51%-ով՝ կազմելով 5,8 միլիարդ դոլար, ինչը նոր պահանջներ է առաջացրել նրանց գերեկամուտների հարկային բեռն ուժեղացնելու վերաբերյալ:
Կոկերելը նշել է, որ Պույանեն «անկասկած կբախվի բավականին բարդ հարցերի, բայց կարծում եմ՝ նա պատրաստ է դրանց»:
Ավելի վաղ TotalEnergies-ը սահմանափակել էր վառելիքի գները Ֆրանսիայի իր լցակայաններում և հայտարարել էր հատուկ առաջարկներ մայիսյան տոների համար: Սակայն անցյալ շաբաթ Պույանեն հայտարարեց, որ նման «սոցիալապես պատասխանատու որոշումները» կարող են վերանայվել, եթե ընկերության ֆրանսիական ստորաբաժանումները հարկվեն լրացուցիչ տուրքերով:





























