Հայաստանի նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այդ մասին, նոյեմբերի 19-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իշխանություններն առաջիկայում անցնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթացի գործնական փուլին։
«Հաջորդ շաբաթ կհրապարակվի սահմանադրության նախնական նախագիծը», - ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նախագիծը մշակվել է քննարկումների արդյունքում և ներառում է այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր նոր Սահմանադրության հարցը լուծել հանրաքվեով՝ հայտարարելով, որ պատրաստ է անձամբ հեռանալ իշխանությունից ինչպես հանրաքվեում նախագծի մերժման, այնպես էլ իր ներկայացրած խաղաղության օրակարգի իրագործման դեպքում։
Նոյեմբերի 10-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Սահմանադրության նախագծի ավելի քան 90 տոկոսն արդեն քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Նրա խոսքով՝ նախագծի հրապարակումից հետո կսկսվեն հանրային լայն քննարկումներ։
Նոր Սահմանադրության ընդունման դեմ ընդդիմադիր մի շարք ուժեր նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացնում։ Նրանք պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Ադրբեջանի պահանջով։





























