Շաքարավազի միջին գինը 2012թ. ապրիլին 2011թ. ապրիլի համեմատ աճել է 18.4%-ով, իսկ 2012թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.5% գնանկում: Ներկայում Երեւանում շաքարավազը վաճառվում է կգ-ը 420-430 դրամով, նախկին 440-450 դրամի համեմատ:
Նշենք, որ շաքարավազի գնանկում տեղի է ունենում նաեւ ողջ աշխարհում: Լոնդոնի բորսայում սպիտակ շաքարի 1 տոննայի գինն իջել է մինչեւ 595 դոլար` մոտ 10 %-ով տարեսկզբի համեմատ: Ըստ որոշ կանխատեսումների` շաքարավազի գնանկումը միջազգային շուկայում կշարունակվի նաեւ առաջիկա 6 ամսիների ընթացքում: Այդ կանխատեսումների հիմքում ընկած են հետեւյալ գործոնները: Նախ` շաքարավազի խոշորագույն արտադրող Բրազիլիան ժամանակից շուտ է սկսելու շաքարավազի բերքահավաքն ու մշակումը, ու այնտեղ լավ բերք է սպասվում: Ըստ կանխատեսումների` շաքարավազի բերքը րազիլիայում կհասնի մինչեւ 33.1 մլն տոննայի` 5.6 %-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Շաքարավազ արտահանող երկրորդ խոշոր երկրում` Թաիլանդում սպասվում է ռեկորդային բերք` մոտ 11 մլն տոննա:
Սպասվում է, որ Հնդկաստանն այս տարի նույնպես կսկսի շաքարավազ արտահանել (ըստ կանխատեսման` բերքը` 26 մլն տոննա, արտահանումը` 3 մլն տոննա):
Եւ վերջապես` ենթադրվում է, որ Չինաստանն այս տարի ավելի քիչ շաքարավազ կներմուծի նախորդ տարվա համեմատ:
Commonwealth Bank-ի կանխատեսումներով` շաքարավազի գինը միջազգային շուկայում կիջնի մինչեւ 18 ամերիկյան ցենտ 1 ֆունտի դիմաց (1 ֆունտը հավասար է 453.59237 գրամի), ներկայիս 22.05 ցենտի համեմատ:




























